IMG_1706.JPG

Հարգելի այցելու,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի պաշտոնական կայք-էջում։ Հուսով եմ, որ դուք այստեղ կստանաք ձեզ անհրաժեշտ տեղեկությունները, և վեբ-կայքն արդյունավետ մասնագիտական աղբյուր կդառնա ձեզ համար։ Ազատ եղե՛ք հղելու մեզ ձեր հարցերը հետադարձ կապի ցանկացած եղանակով։

Լինելով միանգամայն այլ ոլորտի մասնագետ՝ ինքս մշտապես կարևորել եմ առողջ ապրելակերպն ու ֆիզիկական ակտիվությունը և դրանց ուղղված բազմաթիվ ծրագրեր իրագործել թե՛ Հայաստանում, թե՛ մեր երկրի սահմաններից դուրս։ Աշխատանքային բազմապրոֆիլ գործունեությանս ընթացքում ծանոթացել եմ ֆիզիկական թերապիայի և մերսման բնագավառի մեր հայրենակից և օտարազգի այնպիսի վառ անհատականությունների հետ, որոնք ինձ մոտիվացրել են հիմնելու այս մասնագիտական կառույցը։

     Ինձ համար հաճելի բացահայտում են եղել ֆիզիկական թերապիայի և մերսման ոլորտի մասնագետները, քանի որ իրենց մասնագիտությանը բնորոշ նրանք օժտված են բացառիկ դրական էներգետիկայով, նրանց հետ կոնտակտն իրական ու շոշափելի է, ոչ վիրտուալ, իսկ այսօրվա թվային աշխարհում, երբ գրեթե ամեն ինչ տեղափոխվում է դեպի վիրտուալ իրականություն, սոցիալական բանական էակներս մարդկային իրական հաղորդակցության ու շփման կարիք շատ ենք զգում։

       Այդ պրոֆեսիոնալների ամենօրյա ժրաջան աշխատանքը, պացիենտների կորսված առողջությունը վերականգնելու նրանց ջանքերը, հաճախորդներին մարմնի, հոգու և մտքի ներդաշնակություն հաղորդելու ձգտումը, անընդհատ ինքնակատարելագործվելու և ինքնակրթվելու մղումներն ինձ ամեն օր նոր լիցքեր ու գաղափարներ են տալիս՝ նրանց համար թարմ ու արդիական ծրագրեր իրականացնելու և տալու այն բոլոր հնարավորությունները, որոնց նրանք արժանի են։

      Ֆեդերացիայի թիմն օր օրի համալրվում է, մեզ են վստահում ոլորտի առաջատարները։ Իհարկե այդ ամենը, հպարտությունից զատ, պահանջում է անասելի մեծ պատասխանատվություն և ջանքեր՝ արդարացնելու բոլորի սպասելիքներն ու ակնկալիքները։

Երբեմն երբ մտածում եմ ապագայի աշխատաշուկայի մասին, ուսումնասիրում տեխնոլոգիական առաջընթացի տեմպերը, ցավով գիտակցում եմ, որ այսօրվա շատ մոդայիկ դարձած մասնագիտություններ անհետ կորելու են և շատ արագ ավտոմատացվելու, սակայն անգամ ապագայի տեսաբաններն են փաստում, որ մերսումը և ֆիզիկական վերականգնումը կմնան որպես «լյուքս» դասի թանկարժեք ծառայություններ, որոնք կլինեն արհեստավարժ մասնագետների մենաշնորհը։ Չէ՞ որ և ոչ մի ռոբոտացված երկաթե ու սիլիկոնե հպում չի կարող փոխարինել իրական մարդկային հպմանը, էներգետիկ դաշտերի փոխանակմանը, հոգեկան ու հուզական այն կարևոր դերին, որ ստանձնում են մերսման ու ֆիզիկական թերապիայի մասնագետները։

    Այդ են փաստում նաև վերջին շրջանում հայաստանյան և արտասահմանյան աշխատաշուկաներում նկատվող մասնագիտական վերապրոֆիլավորման նոր միտումները։ Օրինակ՝ մեր Ֆեդերացիայի բազային կուրսերում մերսողի ու ֆիզիկական թերապիստի լրացուցիչ մասնագիտական պատրաստվածություն են ստանում իրավաբաններ, քաղաքագետներ, ճարտարագետներ, լեզվաբաններ, տնտեսագետներ, և շատ ու շատ այլ մասնագետներ։ Ունենալով գիտելիքների ու հմտությունների լայն մտահորիզոն՝ նրանք կարճ ժամանակում յուրացնում են նոր գործնական հմտություններ և դառնում պահանջված մասնագետ մինչ այդ իրենց համար միանգամայն անծանոթ ոլորտում։

    Ի դեպ այսպիսի մասնագետների հավակնությունները միշտ ավելին են՝ հիմնել սեփական վելնես ակումբ, սպա կենտրոն, վերականգնողական հաստատություն, բայց նրանք գիտակցում են որ նախ և առաջ պետք է խորապես հասկանան տվյալ մասնագիտությունների նրբությունները։ Այդ հարցում նրանց օգնում են Ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մասնագետները, որոնց հետ տարաբնույթ հմտությունների համադրման արդյունքում համատեղ բիզնես գաղափարները պսակվում են հաջողությամբ։

   Ամփոփելով խոսքս, կուզեի մի քանի մոտիվացնող խորհուրդ տալ․

  • Երբեք մի՛ թերագնահատեք ինքներդ ձեզ․ դուք կարող եք ավելին, քան պատկերացնում եք։

  • Եղե՛ք պրպտող ու հետաքրքրասեր․ մեզ շրջապատող աշխարհը մեր իմացած «քառակուսուց» դուրս է։

  • Մի կողմ դրե՛ք հասարակական կարծրատիպերը, փորձե՛ք ձեր օրինակով կոտրել դրանք։

  • Եղե՛ք պատրաստակամ իրագործելու նոր ու արտասովոր գաղափարներ։

  • Կապակցե՛ք առաջին հայացքից իրար հետ չկապվող ուղիները, դրանում է թաքնված նորույթի արարչագործության ողջ հմայքը։

  • Հավակնոտ մեծ նպատակներ դրե՛ք ձեր առջև և ճիշտ ժամանակին ճիշտ վայրում գտե՛ք այն ճիշտ անձանց, որոնք կօգնեն ձեզ իրագործելու դրանք։ Սա է հաջողության ճիշտ համադրությունը։

 

Մենք կփորձենք ստեղծել ձեզ համար այդ հնարավորությունները մեր կառույցում․․․

 

Խորին հարգանոք՝

 

Ժաննա Հարությունյան

ՀՖԹՄԱՖ հիմնադիր նախագահ և տնօրեն

signature (4).png