Search

Ֆեդերացիան նոր նախագահ ունի, նաև հաստատվել է խորհրդի և վերստուգող մարմնի կազմը

Updated: Jun 12

Ս․թ․ հունիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի Ընդհանուր ժողովի ընդլայնված արտահերթ նիստը։ Նիստի օրակարգում էին կատարված ծրագրերի ամփոփումը, առաջիկա նախագծերի ներկայացումը և Ֆեդերացիայի նոր ղեկավար մարմնի ընտրության հարցը։

Ֆեդերացիայի հիմնադիր և գործող նախագահ Ժաննա Հարությունյանն Ընդհանուր ժողովին ներկայացրեց այս տարիների ընթացքում իր իրականացրած ծրագրերի, ֆեդերացիայի գրանցած հաջողությունների և ձեռքբերումների, ֆինանսական մուտքերի ու ելքերի հաշվետվությունը, այդ թվում վերականգնողական ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և դրանց կարգավորմանն ուղղված հնարավորությունները։

Ամփոփելով հաջողությամբ իրագործված տասնյակ ծրագրերի ներկայացումը՝ Ժ․ Հարությունյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է և, իհարկե, էլ ավելի մեծ պատասխանատվություն, վերջերս ստանձնած իր նոր պարտավորությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ռեաբիլիտացիոն գծով ազգային կոնսուլտանտի պաշտոնում․

-Այսուհետ իմ անմիջական պարտականությունն է լինելու ՀՀ-ում ԱՀԿ վերականգնողական ոլորտի աշխատանքների կոորդինացումը, որը ենթադրում է, որ այլևս չեմ կարող ներկայացնել որևէ առանձին կառույցի շահեր ԱՀԿ շրջանակներում և ինքս առաջնահերթ պետք է պահպանեմ հավասարության, անաչառության և ազնվության սկզբունքները՝ հնարավորություններ ստեղծելով բոլոր շահագրգիռ կողմերի համար ՀՀ վերականգնողական ոլորտի համաչափ զարգացման համատեքստում։ Հետևաբար այլևս նպատակահարմար չեմ գտնում Ֆեդերացիայի ղեկավարումը և ս․թ․ հունիսի 1-ից ազատված եմ կազմակերպության տնօրենի պաշտոնից, այսօր նաև պետք է փոխանցեմ Ֆեդերացիայի նախագահի պարտավորությունները։ Եկել է ժամանակը կայուն հիմքերի վրա դրված կառույցը փոխանցելու բանիմաց և պատասխանատու, ոլորտից քաջատեղյակ այլ մասնագետների, որոնց հետ միանշանակ շարունակելու եմ աշխատել, սակայն այլ ֆորմատով։ Այսօր մենք մեր կառույցում ունենք 76 անդամ, որոնք ներկայացնում են ՀՀ վերականգնողական ոլորտի մի ստվար ծածկույթ։ Վստահ եմ, որ իմ աջակցությամբ և մեր՝ բոլորիս համատեղ ջանքերով մենք դեռ շատ անելիքներ ունենք թե՛ մեր երկրի, թե՛ վերականգնողական ոլորտի զարգացման համար,- իր խոսքում նշեց Ժ․ Հարությունյանը։ Ֆեդերացիայի անդամները երախտիքի խոսքեր հղեցին վերջինիս իր ծավալած աշխատանքների, մտահղացումների, գաղափարների, նվիրումի ու ջանքերի համար։

Այդուհանդերձ Ժ․ Հարությունյանն անդամներից թույլտվություն խնդրեց՝ անձամբ առաջադրելու նոր նախագահի թեկնածությունը։

-Թույլ տվեք ինքս առաջադրեմ նոր նախագահին, քանի որ ԱՀԿ-ում աշխատանքի անցնելու պահից ի վեր ամեն օր մտածել եմ, թե ում հանձնեմ իմ հիմնած կառույցը, որպեսզի այն զարգանա, բարգավաճի և կատարելագործվի։ Ի դեպ, մեր կառույցի ստեղծման իսկ օրվանից նպատակ եմ դրել, որ Ֆեդերացիան չպետք է լինի «մեկ անձի կազմակերպություն», և այնքան կայուն հիմքեր ու սկզբունքներ պետք է մշակվեն, որ ցանկացած գիտակից մասնագետ կարողանա շարունակել նախորդի գործն առանց որևէ խոչընդոտի։ Ես հանձնում եմ կառույցը իր բոլոր օրինական հիմքերով, ֆինանսական մաքուր պատմությամբ ու դրական բալանսով։ Իհարկե ըստ օրենքի նոր նախագահին փոխանցելու եմ կազմակերպության ողջ թղթաբանությունն ու ներքին աշխատանքային կանոնները, օժանդակելու այնքան ժամանակ, մինչև նոր ղեկավարն ամբողջությամբ մտնի իր իրավասությունների մեջ։ Այսպիսով, հաշվի առնելով շատ հանգամանքներ, ինքս Ֆեդերացիայի ապագա ղեկավար միանշանակ տեսնում եմ մեր Պատվո անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վաղինակի Գրիգորյանին։ Նա շատ մեծ ներդրում ունի մեր կառույցի կայացման գործում, ՀՀ վերականգնողական ոլորտի լավագույն, սիրված և հեղինակավոր մասնագետներից է, որը նաև խիստ պատասխանատու և գործի նվիրյալ անձնավորություն է։ Վստահ եմ, որ նա իր ողջ էներգիան ու ջանքերը կներդնի էլ ավելի ծաղկացնելու Ֆեդերացիան,- նշեց ժ․ Հարությունյանը։

Ընդհանուր ժողովը միաձայն հավանություն տվեց առաջադրված թեկնածությանը, այլ առաջադրումներ չեղան և բաց քվեարկության արդյունքում Ֆեդերացիայի նորընտիր նախագահ դարձավ Ստեփան Վաղինակի Գրիգորյանը։

Այդուհանդերձ նիստի նախագահող Ժ․ Հարությունյանն առաջարկեց ձևավորել Ֆեդերացիայի խորհուրդը և ընտրել վերստուգիչ մարմնին։ Առաջադրվեցին մի քանի անդամների թեկնածություններ․ ըստ այդմ խորհրդի կազմում միաձայն ընտրվեցին Քրիստինա Նեբոգովան, Արման Մանուկյանը, Նարինե Բաբայանը և Էդիտա Խոջաբաղյանը, իսկ որպես վերստուգիչ մարմին՝ հիմնական կրթությամբ իրավաբան Արմեն Եպիսկոպոսյանը։

ՀՖԹՄԱՖ աշխատանքներում իրենց ներդրած ջանքերի և ցուցաբերած համակողմանի աջակցության համար Արման Մանուկյանին, Նարինե Բաբայանին ու Էդիտա Խոջաբաղյանին շնորհվեցին Ֆեդերացիայի «Աջակից անդամի» կոչումներ։

Նիստի արարողակարգի ավարտին արդեն նախկին նախագահ, ՀՖԹՄԱՖ հիմնադիր Ժ․ Հարությունյանը նորընտիր նախագահին հանձնեց Ֆեդերացիայի Կանոնադրությունը։

Առաջիկա օրերին պաշտոնապես կկատարվի նախագահի փոփոխության գրանցումը ՀՀ պետական միասնական գրանցամատյանում, և պարոն Գրիգորյանը լիիրավ կստանձնի Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

-Իհարկե, ինձ համար խիստ հուզիչ էր նման առաջարկ ստանալը, և ես գիտակցում եմ, որ մեծ պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա։ Սակայն Ժաննա Հարությունյանի և ձեր՝ բոլորի օգնությամբ ես կանեմ ամեն հնարավորը ոլորտը զարգացնելու հարցում։ Ի դեպ, շատ ուրախ եմ տեսնելու այս միասնականությունը և համերաշխ մթնոլորտը, քանի որ դա միանշանակ օգնելու է մեր ընդհանուր գործին։ Ֆեդերացիան կարծես մի մեծ ընտանիք լինի,- իր խոսքում նշեց նորընտիր նախագահը։

Ֆեդերացիայի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Ստեփան Գրիգորյանին՝ ՀՖԹՄԱՖ նախագահի պաշտոնում ընտրվելու, իսկ Ժաննա Հարությունյանին՝ ԱՀԿ վերականգողական գծով ազգային կոնսուլտանտի պատասխանատվությունը ստանձնելու առթիվ և նրանց մաղթում բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն։

Համատեղ ջանքերով մենք կարող ենք ավելին․․․

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում ՀՊՄՀ ղեկավարությանը՝ ՀՖԹՄԱՖ Ընդհանուր ժողովի նիստի անցկացման նպատակով տարածքի անհատույց տրամադրման և տեխնիկական հարցերում էական աջակցության համար։

408 views0 comments