Search

Ֆեդերացիայի «կուլիսների ետևում» կյանքի պատմություններ են կերտվում

Ասում են՝ ոչինչ կյանքում պատահական չէ, մարդիկ էլ իրար պատահաբար չեն հանդիպում․․․ Սկսում ես ասույթին ակամայից հավատալ, երբ հանդիպում ես «պատահական», բայց և նախախնամությամբ սահմանված կյանքի պատմությունների․․․

Շարունակելով երջանկության թեման՝ հենց այդպիսի մի ջերմ պատմությամբ էլ ցանկանում ենք կիսվել մեր ընթերցողի հետ։ Չէ՞ որ երջանկությունն այն սակավ բարիքներից է, որը կիսվելիս միայն բազմապատկվում է․․․


Բազմիցս նշել ենք, որ Ֆեդերացիան, մասնագիտական հարթակ լինելուց զատ, մի մեծ ընտանիք է, որտեղ տիրում է անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ, որտեղ աշխատանքային գործունեությունից բացի, կերտվում են նաև կյանքի պատմություններ․․․

Վերջերս մեր կառույցում սկիզբ առավ մի գեղեցիկ սիրո պատմություն, որի օրինական հաստատումը տեղի ունեցավ այս տարվա մարտի 20-ին։ Ձևավորվեց մի նոր գեղեցիկ հայկական ընտանիք՝ հանձինս մեր ուսանողներ Տաթևիկ Պողոսյանի ու Վանիկ Պետիկյանի։


Այս առթիվ Ֆեդերացիայի ողջ կոլեկտիվը շնորհավորում է երիտասարդ զույգին՝ մաղթելով անսահման երջանկություն, ընտանեկան ներդաշնակ կյանք ու բազում համատեղ հաջողություններ։


Ի դեպ, 2012 թվականից ի վեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 20-ը հռչակել է որպես երջանկության միջազգային օր։ Վստահ ենք, որ օրվա «պատահական» ընտրությունն էլ ոչ պատահական է, և այն հարատև երջանկության խորհուրդն է իր մեջ կրելու։

Ամիսներ առաջ մասնագիտությամբ քաղաքագետ-իրավաբան Տաթևիկը դիմեց Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիա՝ «Դասական և բուժական» մերսման դասընթացին ընդգրկվելու նպատակով։ Նրան ընդամենն ընդհանուր գիտելիքներ էին պետք հետագայում «բյութի և վելնես» ինդուստրիայում մեծ ու հեռահար բիզնես նպատակների համար, իսկ առանց ոլորտի նրբություններին տիրապետելու նա գիտակցում էր, որ որևէ հաջողված գործունեություն չի կարող ձեռնարկել։ Գրանցման ժամանակ մասնագիտական խորհրդատվություն ստանալիս, նրան հանգամանալից բացատրեցին առաջին հայացքից հեշտ թվացող մասնագիտության ողջ լրջությունը, և շաբաթներ անց Տաթևիկն ամենայն պատասխանատվությամբ լծվեց կրթական գործընթացին իր համար միանգամայն նոր ոլորտում։

Հետաքրքրականն այն էր, որ ընդունելության ժամանակ Ֆեդերացիայի նախագահի հետ անկեղծ զրույցում Տաթևիկը կես կատակ, կես լուրջ կիսվել էր կնոջ իդեալի իր պատկերացումներով․ ըստ նրա իդեալական կինը պետք է կարողանա իր ամուսնուն գրագետ մերսել և համեղ կերակուրներ պատրաստել նրա համար։ Նա չէր էլ մտածում, որ շաբաթներ անց հենց այդ նույն կառույցում հանդիպելու է իր ապագա ամուսնուն, որը ոչ միայն կկիսի իր պատկերացումները, այլև կսատարի նրան իր հետագա գործունեության միանգամայն նոր բնագավառում։

Մասնագիտությամբ ճարտարագետ Վանիկը, որը Հայաստան էր ժամանել ՌԴ-ից հենց մասնագիտության վերապրոֆիլավորման նպատակով, ևս դիմում է Ֆեդերացիա հենց նույն դասընթացին գրանցվելու համար։ Վանիկի և Տաթևիկի առաջին հանդիպումը տեղի է ունենում Ֆեդերացիայի ուսանողների և անդամների համար կազմակերպված «Սպա մերսման» վարպետաց դասի շրջանակներում, իսկ հետագայում նրանք դառնում են համակուրսեցիներ։


Թվում էր, թե ուսանողական նստարանը վաղուց լքած, արդեն հասուն ու կայացած երիտասարդները չէին կարող կրկին վերապրել սիրած էակի հետ միասին նույն լսարանում կողք կողքի նստելու, ամեն անգամ սրտի թիթիռով միմյանց հանդիպելու, անմեղ կատակելու, համատեղ գործնական առաջադրանքներ կատարելու, ստուգարք ու քննություն պարապելու և իրենց երազանքների մասին կիսվելու պատանեկան հաճույքները, սակայն այս կյանքում հնարավոր է ամեն ինչ, եթե մի փոքր երազես ու հավատաս․․․

Փաստորեն իրենց հոգու խորքում բացի գործնական հեռանկարներից, այս երիտասարդներն իրենց հայրենիքում հայկական երջանիկ ու ներդաշնակ ընտանիք կազմելու մասին էին երազում․․․



Իսկ ամենից ուրախալին այն է, որ այս գեղեցիկ զույգի թաքուն երազանքների իրականացմանն անթաքույց հիացմունքով հետևում էին, ինչու՞ չէ նաև նրանց օժանդակում համակուրսեցիներն ու Ֆեդերացիայի անձնակազմը։

<