Search

Փորձի փոխանակում ԱՄՆ-ից ժամանած ֆիզիկական թերապիայի դոկտոր Անդրէ Դարբիդեանի հետ

Այսօր տեղի ունեցավ մասնագիտական փորձի փոխանակում ԱՄՆ-ից ժամանած ֆիզիոթերապիայի դոկտոր Անդրէ Դարբիդեանի, ֆիզիկական թերապիստ Ասպետ Քէլխաչերեանի և Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի անդամների միջև։ Թեման էր «Ֆիզիկական թերապիայի արդյունավետությունը հետպատերազմյան վնասվածքներից հետո և հենաշարժողական համակարգի վերականգնողական միջամտությունների դեպքում»:

Անդրէ Դարբիդեանը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լա Կանադա Ֆլինթրիդ քաղաքից ժամանել էր մեկ ամսով և այդ ընթացքում իր գիտելիքներն ու փորձն է ներդրել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում՝ օգնություն ցուցաբերելով վիրավոր զինծառայողներին և ինստիտուտի հիվանդներին: Նա անմիջականորեն աշխատել է Ֆեդերացիայի անդամ ֆիզիկական թերապիստ Ասպետ Քէլխաչերեանի հետ։ Վերջինս էլ հենց հրավիրեց Անդրէին Ֆեդերացիա՝ ավելի լայն շրջանակի մասնագետների հետ կիսվելու իր հմտություններով ու գիտելիքներով։

Այս փորձի փոխանակումն առավել քան կենսական էր, ուսուցողական և կառուցողական։

Միջոցառման բացմանը իր ողջույնի խոսքով հանդես եկավ բ․գ․դ․ պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, որը փորձի փոխանակման ավարտին Ֆեդերացիայի անունից բանախոսներին պարգևատրեց շնորհակալագրերով։

Փորձի փոխանակման ավարտին «Շիացու» վերականգնողական կենտրոնի տնօրեն Արման Մանուկյանն էլ իր կողմից որպես խրախուսանք նվեր-քարտեր ընծայեց բանախոսներին և թարգմանչուհուն՝ կենտրոնի ծառայություններից օգտվելու հնարավորությամբ։

Նման պահերին է, երբ հայաստանյան մեր մասնագետները գոտեպնդվում են, զգում, որ ամուր թիկունք ունեն և որ անշահախնդիր էթնիկ հայ մասնագետները պատրաստակամ են սատարելու իրենց հայրենակիցներին ցանկացած բարդ իրավիճակում՝ անկախ այն բանից, թե Երկրագնդի որ կողմում են բնակվում։

Անդրէն և Ասպետը հայաստանյան մասնագետներին առաջընթացի այնպիսի էներգիա և մոտիվացիա հաղորդեցին, որոնք դեռ երկար կուղեկցեն նրանց իրենց հեռանկարներում։

Այս փորձի փոխանակման արդյունքում նոր գաղափարներ ու մտահղացումներ ծնվեցին, որոնք Ֆեդերացիայի ջանքերով աստիճանաբար իրականություն կդառնան։

Սա փայլուն համագործակցության միայն բարի սկիզբն է․․․

Սպասում ենք Անդրէի մյուս այցին, որն արդեն կկազմակերպենք շատ ավելի լայն շրջանակի մասնագետների համար։

155 views0 comments