Search

«Այրվածքների վերականգնողական խնամք» հնգօրյա դասընթաց

Հաջողությամբ ավարտվեց «Այրվածքների վերականգնողական խնամք» հնգօրյա դասընթացը` նախատեսված Երևանի և մարզերի բուժանձնակազմի և վերականգնողական խնամքի մասնագետների համար։

Դասընթացը նախաձեռնել էր «Բժիշկներ առանց սահմանների» միությունը, որը առողջապահության ոլորտում աջակցություն ցուցաբերող միջազգային բժշկական հասարակական կազմակերպություն է։ Ծրագիրն իրականություն դարձավ Այրվածքաբանության ազգային կենտրոնի եւ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ սերտ համագործակցության արդյունքում։

Հայաստանում այրվածքների վերականգնողական բուժման անհրաժեշտությունը՝ ներկայացված տեղական թիմերի կողմից, դրդեց կազմակերպությանը իրականացնել այս ծրագիրը վերականգնողական բուժման մեջ ներգրավված բոլոր կառույցների համար` այրվածքներով հիվանդների վերականգնողական խնամքի տեղական կարողությունները բարելավելու նպատակով:

Դասընթացն իրականացվեց մի քանի խմբերով, որի ժամանակ մասնակիցներին տրամադրվեցին հիմնական գիտելիքներ այրվածքների բուժման, հատկապես այրվածքների վերականգնողական խնամքի վերաբերյալ։ Դասընթացի մասնակիցները հաճախեցին այրվածքների վերականգնողական մեթոդների կիրառմամբ տեսական եւ գործնական դասերի։ Կազմակերպվեցին նաեւ հիվանդների հետ սեսիաներ։

Դասընթացավար-խոսնակներն էին «Բժիշկներ առանց սահմանների» միությունից այրվածքների վերականգնողական բուժման ոլորտում մասնագիտացած ֆիզիոթերապևտ Պիեր Մորոն, Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբանության բաժնի ղեկավար Նազի Բարսեղյանը և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ Լուսինե Պողոսյանը։


Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան շատ է կարևորում նման միջոցառումների իրականացումը մեր երկրում հատկապես հետպատերազմական իրավիճակում և բարձր է գնահատում կազմակերպիչների ու դասընթացավարների պրոֆեսիոնալիզմն ու անշահախնդիր պատրաստակամությունը՝ աջակցելու վերականգնողական ոլորտի հայաստանյան մասնագետների հմտությունների կատարելագործմանը։ Ուրախ ենք, որ կազմկոմիտեի հետ մեր արդյունավետ համագործակցության արդյունքում Ֆեդերացիայի մի քանի անդամներ կարողացան օգտնվել ընձեռնված այս հնարավորությունից և կատարելագործեցին իրենց հմտությունները վերականգնողական խնամքի ոլորտում:

Հուսով ենք, որ նմանօրինակ միջոցառումները խթան կլինեն մյուս կառույցների համար՝ իրենց ջանքերն ու կարողությունները ներդնելու վերականգնողական ոլորտի ռազմավարական զարգացման գործում։


#MSF #nationalburncenter #homeland #defenders #rehabilitation #center #rehab #burns #training #emergencies

43 views0 comments