Search

Հայ-ֆրանսիական մասնագիտական փորձի փոխանակում

Այսօր՝ 2021թ․ ապրիլի 29-ին սկիզբ դրվեց հայ-ֆրանսիական մասնագիտական մի նոր համագործակցության։ Ֆիզիկական թերապիայի, ռեաբիլիտացիայի, մերսման և հարակից ոլորտների շուրջ երկու տասնյակ մասնագետներ փորձի փոխանակման հնարավորություն ստացան՝ կատարելագործելով իրենց հմտությունները։

Հրավիրյալ մասնագետը հայկական ծագմամբ ֆրանսիացի օստեոպատ-ասեղնաբույժ Հենրի Ռաստկլանն էր։ Պարոն Ռաստկլանի ծնողները 1960-ականներին Սիրիայից գաղթել են Ֆրանսիա, որտեղ էլ Հենրին ծնվել, մեծացել և ուսում է ստացել։ Ավարտել է Ավանդական չինական բժշկության ինստիտուտը։ Նա վերապատրաստումներ է անցել Ավինյոնում, Մարսելում, Լիոնում, ինչպես նաև հղկել իր մեթոդիկան չինացի պրոֆեսորների մոտ։ Վալանսում հիմնել է չինական բժշկության կենտրոն, որտեղ մատուցում է բազմապրոֆիլ ծառայություններ։


2020թ․-ի սեպտեմբերի 27-ին ծավալված Արցախյան պատերազմից հետո պարոն Ռաստկլանն, ինչպես շատ էթնիկ հայեր, իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու իր հայրենիքին ինչպես կարող է՝ գիտակցելով, որ հիմա է աջակցության ճիշտ ժամանակը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ծրագրերի շրջանակներում այցելելով Հայաստան՝ նա օժանդակեց արցախցի տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև մի քանի հայաստանյան վերականգնողական կենտրոններում իր մասնագիտական հմտություններով դեմ առ դեմ կիսվեց, որն արժեքավոր ու մնայուն օժանդակություն է մեր հայրենակիցների համար։

Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի նախագահի հետ կապ հաստատելով՝ պարոն Ռաստկլանն իր պատրաստակամությունը հայտնեց հանդիպելու նաև Ֆեդերացիայի անդամների հետ։ Ընտրված թեման էր՝ «Օստեոպատիայի և ավանդական չինական բժշկության մեջ ալտերնատիվ թերապիայի՝ Թուինայի ներածությունը»։

Այս հանդիպումը համատեղվեց Ֆեդերացիայի հենթական միջոցառման հետ, որը նախաձեռնել էր ՀԿԽԸ Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոնի կինեզիոթերապևտ, բուժմերսող, ՀՖԹՄԱՖ անդամ, Համաշխարհային մերսման ֆեդերացիայի կողմից միջազգայնորեն հավաստագրված մասնագետ Ռուզաննա Շահինյանը՝ հետպատերազմական իրականությունում առաջացած ռեաբիլիտացիոն միջամտությունների հետ Ֆեդերացիայի անդամներին ծանոթացնելու նպատակով։ Նրա ընտրած թեման, թերևս, ամենացավոտներից էր՝ «Կինեզիոթերապիան և բուժական մերսումը վերջույթների ամպուտացումից հետո»։ Միջոցառման մասնակիցները կրկին անգամ վերապրեցին այն դաժան իրականությունը, որի միջով անցան մեր հերոս զինվորները։ Եվ այսօր վերականգնողական ոլորտի մասնագետների պարտքն է որակյալ և արհեստավարժ ծառայություններ մատուցել մերօրյա հերոսներին՝ վերադարձնելով նրանց բնականոն կյանքի։ «Սա նվազագույնն է, որ կարող ենք անել մեր հերոսների համար, չէ՞ որ նրանք մեզ համար զոհաբերել են իրենց «ամենաթանկը»՝ առողջությունը, ավելին՝ հաճախ նաև կյանքը»,-նշեց տիկին Շահինյանը։

Պահպանելով էթիկան և գիտակցելով այն ապրումները, որ կարող են ունենալ թե՛ պացիենտները, թե՛ մասնագետները սեմինարի ընթացքում՝ որպես մոդել ընտրվել էր մեկ այլ կամավոր բուժառու։


Միջոցառման ավարտին Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Ժաննա Հարությունյանն իր երախտիքի խոսքն ուղղեց փորձագետ-հրահանգիչներին, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի Ընկերակցության Գրացիա միջազգային վերականգնողական կենտրոնի տնօրինությանը՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար։ Նախագահը հույս հայտնեց, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, օրինակելի մյուս մասնագետների և կառույցների համար, իսկ սկիզբ դրված գործընկերությունը կլինի հարատև։



Չմոռանանք հիշատակել նաև միջոցառման երիտասարդ կամավորներին, որոնք մեծապես օժանդակեցին ծրագրի կազմակերպչական հարցերում։ Նրանք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ են, ապագա ֆիզիկական թերապիստներ, որոնք այսօրվանից արդեն իսկ գիտակցում են, թե որքան կարևոր է մասնագիտական ամենօրյա կատարելագործումը։



362 views0 comments