Search

Ամերիկյան Ֆիզիոթերապևտների Ասոցիացիայի աջակցությունը հայ մասնագետներին

Մարտի 26-27-ին Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիայի հինգ անդամներ հնարավորություն ստացան ներգրավվելու ԱՖԹԱ-յի՝ «Հարյուրամյակի դասախոսությունների շարք. վերականգնում արտակարգ իրավիճակներում» օնլայն դասընթացում միանգամայն անվճար հիմունքներով։ Այսպիսով ԱՖԹԱ-ն իր աջակցությունը ցույց տվեց հայ մասնագետներին մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում։ Ֆեդերացիայի անդամները, որոնք ստացան այս հնարավորությունը, աշխատում են որպես ֆիզիկական թերապևտներ Հայաստանի բուժհաստատություններում ու վերականգնողական կենտրոններում։ Նրանք գնահատեցին կուրսը որպես արժեքավոր ներդրում իրենց մասնագիտական կայացման ուղում և իհարկե կփոխանցեն ստացած գիտելիքները իրենց կոլեգաներին՝ ուժեղացնելով և խթանելով վերջիններիս գնահատելու ցկեանս ուսումնառության և շարունակական մասնագիտական զարգացման կարևորությունը։

(Սեղմե՛ք պատկերների վրա ԱՖԹԱ-յի կայքի ուղղակի հղման համար)

Երկօրյա դասախոսությունների ընթացքում ֆիզիոթերապևտ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գծով պատասխանատու Պիթեր Սկելտոնը ներկայացրեց «բոլոր վտանգների դեպքում» վերականգնողական պատրաստվածության պլանի մշակման համար անհրաժեշտ քայլերը և մասնակիցներին վերապատրաստեց արտակարգ իրավիճակներում աշխատելու համար անհրաժեշտ կլինիկական և միջանձնային հմտությունների թեմաներով: Սա էական նշանակություն ունեցավ հայ ֆիզիկական թերապևտների համար, քանի որ նրանք հետպատերազմական իրականությունից հետո ստացան նոր հմտություններ և գիտելիքներ, որոնք իրենց անհրաժեշտ էին վիրավոր զինվորների հետ աշխատանքում: Նրանք նաև իմացան, թե ինչպես են տարբեր արտակարգ իրավիճակները ստեղծում տարբերակիչ վերականգնողական կարիքներ:

Հայաստանը բնական և մարդածին աղետների բարձր ռիսկային գոտում է, ուստի այս դասընթացը կարևոր էր Հայաստանի մասնագետների համար, քանի որ արտակարգ իրավիճակների ժամանակ որոշելը, թե ում հետ իրենք կարող են աշխատել և ինչ պետք է կամ չպետք է անեն, էական նշանակություն ունի առողջապահական ծառայություններն արդյունավետ մատուցելու գործում:


Վերջերս մեր ֆիզիկական թերապևտները հաջողությամբ ավարտեցին դասընթացի թեստավորումը 70% և ավելի բարձր գնահատականով և ստացան իրենց կրեդիտավորված վկայականները: Չնայած սա մի փոքր քայլ էր միջազգային կրեդիտավորման ընթացակարգում, բայց դա մեծ շարժառիթ կդառնա մեր մասնագետների համար ՝ ավելի բարձր պատրաստվածությամբ շարունակելու իրենց մասնագիտական կայացման ուղին:

Ամերիկյան ֆիզիկական թերապիայի ասոցիացիան հավատարմագրված է Շարունակական կրթության և ուսուցման միջազգային ասոցիացիայի (IACET) կողմից և համապատասխանում է ANSI/IACET ստանդարտին, որը միջազգային մակարդակով ճանաչված է որպես ուսուցման պրակտիկայում գերազանցության ստանդարտ: Այս հավատարմագրման արդյունքում ԱՖԹԱ-ն իրավասու է թողարկել IACET շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

50 views0 comments