Մեր պատմությունը

Եթե դու այս էջում ես, ավելին՝ պատրաստ ես մինչև վերջ կարդալ, ապա շատերի պես քեզ էլ է հետաքրքրում, թե ինչպես ծագեց նման Ֆեդերացիա ստեղծելու գաղափարը․․․ 

Իրականում գաղափարի իրագործումը երկար ուղի է անցել, եղել ընդամենը մասնագետների չիրագործված երազանքների ու ցանկությունների բարդ թնջուկ, և մեծ կամք, ուժ, պատասխանատվություն, բանիմացություն էր պետք ստեղծելու մի կառույց, որը նորույթ էր մեր հասարակությունում, ավելին՝ ոչ միանշանակ ընկալմամբ համարձակ գաղափար էր։

Հիմա հետադարձ հայացք գցելով՝ ժպիտով ենք հիշում այն բոլոր փորձությունները, որոնք կամա թե ակամա կոփեցին մեր կամքը, միասնականությունը, ցանկությունը հիմք դնելու մի գործի, որի նմանօրինակը չկար մեր երկրում։

Մասնագիտական կառույցի ստեղծման համարձակ գաղափարը ծագել է Ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Ժաննա Հարությունյանի մտքում այն բանի արդյունքում, երբ իր հերթական աշխատանքային գործունեության շրջանակներում զարգացման ծրագրերով էր զբաղվում ոչ ֆորմալ կրթական համակարգում։ Կարծես թե կարմիր թելի պես, նախագիծ նախագծի ետևից ուրվագծվում էր կառույցի ինստիտուցիոնալացումը։

Այսպիսով 2017 թվականին երիտասարդ եռանդուն մասնագետը՝ հետագայում Ֆեդերացիայի հիմնադիրը, պիտի մասնակցեր «Էրազմուս+» կրթական հարթակի կողմից Ուկրաինայի Լվով քաղաքում կազմակերպված «Մասնավոր և ՀԿ սեկտորի համագործակցություն» սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ միջազգային թրեյնինգին, կապակցեր առաջին հայացքից իրար հետ առնչություն չունեցող ոլորտները և սկսեր զարգացնել մի ծրագիր, որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող երիտասարդների ու նրանց ընտանիքների համար աշխատանքային հնարավորություններ ստեղծելուն ու կիրառական հմտություններ տրամադրելուն։

IMG_5724_edited.jpg
26849942_1564304970332891_67819969036472

   Հասարակագիտական մասնագիտական որակները, ձեռնարկատիրական հոտառությունը, տարաբնույթ նախագծերի կառավարման փորձն ու իրեն վստահող թիմը խթանեցին Ժ․ Հարությունյանին հերթական զարգացման ծրագրերի իրականացման ճանապարհին կապեր հաստատել ֆիզիկական թերապիայի և մերսման բնագավառի մի շարք արտասահմանցի մասնագետների հետ․ սկիզբ դրվեց հայ և օտարազգի մերսման ոլորտի մասնագետների գործընկերային կապերի հաստատմանը։

   Դրա արդյունքում 2018 թվականին Ժ․ Հարությունյանը Բուլղարիայից Հայաստան հրավիրեց մերսման ոլորտի մի առաջատար մասնագետի, որը 2016 թվականին Մերսման միջազգային մրցույթի հաղթող էր ճանաչվել «Տարվա լավագույն մերսող» նոմինացիայում։ 

Ի՞նչ խոսք, նման գաղափարները նորույթ էին մեր հասարակությունում մասնագետների շրջանում, ինչն էլ մեծ իրարանցում առաջացրեց, երբ բուլղարացի թրեյներ-հրահանգիչ Ստեֆանկա Իվանովան ՀՀ-ում հանդես եկավ իր քառօրյա վարպետաց դասերով բուժական և հակացելյուլիտային մերսման բնագավառում։

Այդ հաջողված պրոյեկտին հաջորդեցին միջազգային նոր գործընկերային կապերն ու հրավերները, որոնցով մի խումբ հայ երիտասարդ մասնագետներ հնարավորություն ստացան նույն թվականին առաջին անգամ Հայաստանի անունից Ռուսաստանի Դաշնությունում մասնակցելու միջազգային մրցույթի «Դասական և սպա մերսման» բնագավառում։

30705104_304407183424630_132728567490202

Մրցույթի հայ մասնակիցները բարձր արդյունքներ գրանցեցին, ինչն էլ նրանց ունեցած հաջողություններն ամրապնդելու և էլ ավելի զարգացնելու խթան դարձավ։ Հատկապես մոտիվացնող էր երիտասարդ Վահան Դիշլանյանի հաղթանակը, որը չնայած իր տեսողական սահմանափակումներին, մրցույթի ժամանակ առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց սիրողական կատեգորիայում։

Հաղթանակ ունեցանք նաև պրոֆեսիոնալ կատեգորիայում, իսկ մեր երիտասարդ կադրերը մի շարք միջազգային թրեյներների արժեքավոր խորհուրդներ ու մենթորությունն ստացան, որն աննկարագրելի մասնագիտական ձեռքբերում էր նրանց համար հետագա պրոֆեսիոնալ ուղին հարթելու մեջ։

31960107_2156118201284409_22462605600038

Նույն տարում Հաշմանդամության համաշխարհային օրվա առթիվ Վ․ Դիշլանյանի կյանքի հաջողության պատմությանը և մասնագիտական ձեռքներումներին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, որտեղ Ժ․ Հարությունյանը ներկայացնում էր նաև իր կողմից մշակված գրասենյակային մերսման մոդելի բիզնես-հայեցակարգը։

Ռուսաստանյան մեր գործընկերների հետ կապն այնքան հաջող դասավորվեց, որ ՌԴ Մերսողների ազգային ֆեդերացիայի նախագահությունն առաջարկեց Ժ․ Հարությունյանին դառնալ ՀՀ-ում իրենց կառույցի ներկայացուցիչը։ Իհարկե դեռ վաղ էր նման համարձակություն ցուցաբերելը, բայց հաջորդիվ ամեն նոր նախագիծ տանում էր այդ մտքի իրագործմանը։

40122661_1834455213305510_38320141455536
27858677_2050143361897261_47658016013722

2018թ․-ը լի էր հաջողված ծրագրերով։ Ժաննա Հարությունյանը «Իմփեքթ հաբ» (Impact Hub) հայաստանյան գրասենյակի «Զարթի՛ր» կրթաթոշակային ծրագրին էր ներգրավված որպես անհատ-մասնագետ։ Այնտեղ նա զարգացնում էր դեռ Ուկրաինայից նախագծված "WorkAbility" սոցիալական ձեռնարկատիրության նախագիծը՝ աշխատանքային հնարավորություններ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար։ Ծրագիրը ներկայացվեց «Հարթակ» ՍՁ փորձի փոխանակման չորրորդ փառատոնին և մի քանի տասնյակ ծրագրերի մեջ ճանաչվեց հաղթող մոդել՝ արժանանալով «Վորլդ Վիժն Հայաստանի» (World Vision Armenia) փոքրիկ դրամաշնորհին։

Դրամաշնորհն իր հերթին ծառայեց ՀՀ-ում առաջին անգամ կազմակերպվող «Առողջ Ապրելակերպ-2018» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսին մասնակցելուն, որի ընթացում հեռանկարային գործընկերային լայն կապեր հաստատվեցին հարակից մի շարք ոլորտների մասնագետների և ղեկավարների հետ։ Փաստորեն անհատ ձեռնարկատիրոջը հատկացված փոքրիկ խրախուսական դրամաշնորհն ապարդյուն չանցավ, և չնայած ի սկզբանե սահմանված էր շատ ավելի անէական նպատակի համար, բայց ակամա ծառայեց առավել մեծ, հասարակական նշանակության առաքելության։  

IMG_4883.JPG

2019 թվականի հուլիս ամսին ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում վերջապես գրանցվեց «Հայաստանի մերսողների ազգային ֆեդերացիա» ՀԿ-ն, որը կարճ ժամանակ անց վերանվանվեց «Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի։ Անվանափոխության շարժառիթն էր հարակից ոլորտներից այն տասնյակ արհեստավարժ մասնագետների ներգրավումը, որոնք նորաբաց կառույցին աջակցելու և էլ ավելի զարգացնելու մեծ պատրաստակամություն հայտնեցին։

Երբ հաջորդ տարում սկսեց միջազգային ծրագրերի իրագործման հրավերների տեղատարափը, այլևս անիմաստ էր ֆորմալ կառույցի գրանցման ձգձգումը։

Կար պատրաստակամ թիմ, վստահություն, մոտիվացիա, հաջողությունների փորձառություն, աջակից ու գաղափարակից գործընկերներ, հաստատուն կամք ու պատասխանատու մոտեցում․․․ Էլ ի՞նչ էր պետք հիմնելու մի կառույց, որի պահանջարկը մասնագիտական հանրույթի կողմից այդքան մեծ էր, իսկ իրագործման բոլոր նախապայմաններն ավելի քան բավարարում էին։

Կազմակերպության գրանցման գործընթացին զուգահեռ նոր միջազգային հեռանկարներ էին բացվում մեր երիտասարդ հայ մասնագետների առջև, և պաշտոնապես գրանցված Ֆեդերացիայի առաջին իսկ խոշոր պրոյեկտը եղավ «Էրազմուս+ ՍՊՈՐՏ» ծրագրի շրջանակներում մեր լեհական գործընկերների հրավերը։ Հայ մասնագետները Գերմանիայում կրթական այցի հնարավորություն ստացան։

Հայրենիք վերադառնալով՝ միջազգային նախագծերում հաջողություններ գրանցած մեր երիտասարդ կադրերն աշխատաշուկայում իրենց ուրույն տեղն էին գտնում՝ դառնալով պահանջված ու հեռանկարային մասնագետներ։ 

70425911_558875574931898_299311271516307

Տեսնելով մեր թիմի եռանդն ու պոտենցիալը՝ շատ կարճ ժամանակում մեզ միացան իրենց ոլորտներում առաջատար և հայտնի մասնագետներ, գիտության ներկայացուցիչներ իրենց ծրագրային նորարարական առաջարկներով։ Այդ ծրագրերը երկար տարիներ սպասում էին իրագործվելու իրենց հերթին, սակայն դեռ չէր ստեղծվել պատեհ առիթ և չկար ժրաջան գործընկերային թիմ։ Ֆեդերացիան տվեց բոլոր մասնագետներին այդ բացառիկ և հավասար հնարավորությունը։ 

Այսպիսով, յուրաքանչյուր նման ծրագիր վկայում էր այն մասին, որ մեր նախաձեռնած գործն ավելի քան արժեքավոր է․․․

Ցայսօր մենք՝ բոլորս միասին, ընթանում ենք առաջ հաստատուն քայլերով ու մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս ոլորտը զարգացնելու և կայացնելու գործին։

Իսկ որպես ամփոփում նշենք, որ անհատներն անցողիկ են․․․ Ամենազոր ժամանակի առջև հաստատուն է մնում միայն արված գործը․․․

 

Միացի՛ր մեր թիմին, արի միասին պատմություն կերտե՛նք մասնագետների եկող սերունդների համար․․․